Հայաստանի նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման գործընթացը հերթական անգամ ցույց տվեցարդար ընտրություններին իշխանությունների անպատրաստ լինելը, երկուշաբթի լրագրողներին ասաց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը։
«Միայն Գարեգին Ազարյանի (ԿԸՀ նախագահի) առաջադրումն արդեն խոսում է այն մասին, որ ազատ և թափանցիկ ընտրությունների սպասելն անիմաստ է։ Իշխանություններն այս անգամ նույնպես չեն կարողացել քաղաքական կամք դրսևորել»,- ասաց խորհրդարանականը։
Ըստ նրա՝ այն փաստը, թե «իբր անկախ դատական համակարգն առաջադրել է Ազարյանի թեկնածությունը, վկայում է այն մասին, որ դատական իշխանությունը ոչ մի ազատություն չունի»։
«Մենք «Դաշնակցությունից» մեր գործընկերների հետ համատեղ կողմ էինք, որպեսզի ընտրական հանձնաժողովները ձևավորվեին ոչ թե պրոֆեսիոնալ, այլ կուսակցական սկզբունքով։ Սակայն իշխանությունները հուսալի «փրկարար օղակ» ունեին՝ Հայ Ազգային կոնգրեսի աջակցությունը: Այդուհաներձ, մենք կշարունակենք պայքարել արդար ընտրությունների համար»,- ավելացրեց Մարիտրոսյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին: ԿԸՀ-ի անդամներ են նշանակվել Արտակ Մելիքսեթյանը (երեք տարով), Տաթևիկ Օհանյանը (հինգ տարով), Արմեն Սմբատյանը (յոթ տարով), ովքեր առաջարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
Բացի այդ, ԿԸՀ-ի կազմում ներառվել են Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից ներկայացված Լաուրա Գալստյանը (հինգ տարի պաշտոնավարման ժամկետով) և Գարեգին Ազարյանը (ԿԸՀ-ի ներկայիս ղեկավարը, յոթ տարի ժամկետով):
ԿԸՀ-ի կազմում ներառվել են նաև փաստաբանների պալատի նախագահի կողմից առաջարկված Գեորգի Մարտիրոսյանն ու Սիլվա Մարկոսյանը՝ համապատասխանաբար երեք և հինգ տարի ժամկետով:
ՀՀ ԱԺ-ն մայիսի 26-ին փոփոխություններ և ուղղումներ է ընդունել Ընտրական օրենսգրքում, որոնց համաձայն՝ ԿԸՀ-ի յոթ անդամ նշանակում է ՀՀ նախագահը հինգ տարի ժամկետով, միաժամանակ ՀՀ նախագահը պետք է ընտրություն կատարի 15 թեկնածուների շրջանում:
Ներկայիս ԿԸՀ-ի լիազորություններն ավարտվում են այսօր՝ հուլիսի 14-ին:
ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ին, նախագահական ընտրությունները՝ 2013 թ.-ին:-0-