ՀՀ իշխանության և ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի միջև երկխոսությունը ոչ մի կապ չունի հայկական հանրության հետ և որևէ խնդիր չի լուծի, երկուշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը։
Սկսված երկխոսությունը մեկնաբանելու խնդրանքին Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգությունը» սերիալներ չի նայում»։
«Դրա փոխարեն մենք կձգտենք համախմբել այն ուժերը, որոնց նպատակը ոչ միայն իշխանափոխությունն է, այլ համակարգային փոփոխություններն են։ Իշխանափոխությունը ոչինչ չի տա, քանի որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում»,- ասաց պատգամավորը։
Մայիսի 31-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ պատրաստ են «իշխանության հետ ֆորմալ երկխոսության, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության»: Նույն հանրահավաքի ընթացքում ընդդիմությունը հայտարարել էր, որ երկխոսությունը կարող է ընթանալ խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների հարցի շուրջ:
Կոալիցիոն կուսակցությունների կողմից ձևավորված աշխատանքային խմբում ներառված են Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանը («Օրինաց երկիր») և Խաչիկ Հարությունյանը («Օրինաց երկիր»):
Երկխոսության համար ՀԱԿ-ը համապատասխան պատվիրակություն է ձևավորել, որը գլխավորել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Պատվիրակության կազմում են նաև ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, Հայ համազգային շարժման վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:
ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 16-ին հանդես է եկել հայտարարությամը, որում հրավիրել է ՀԱԿ-ի գործընկերներին կոալիցիոն աշխատանքային խմբի հետ հանդիպման, որը ձևավորվել է իշխող կոալիցիայի կուսակցությունների կողմից:--0—