ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 18-ի դրությամբ՝ Հայաստանում համաներումից օգտվել է 816 մարդ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից:
Տեղեկատվության համաձայն՝ համաներմամբ ազատ է արձակվել 533 դատապարտյալ և կրճատվել է 283 դատապարտյալի պատժի ժամկետը:
Հայաստանում համաներումը հայտարարվել է ՀՀ ԱԺ-ի կողմից մայիսի 26-ին հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով:
Համաներմամբ ազատ արձակվածների թվում են նաև հայկական ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ովքեր դատապարտվել էին 2008 թ.-ի մարտյան անկարգությունների գործով:
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 քաղաքացի:-0-