ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Խոհարարների միջազգային ասոցիացիայի մի քանի տասնյակ մասնակից-երկրների ազգային խոհանոցներ կներկայացվեն Երևանում կայանալիք միջազգային փառատոնի ժամանակ:
Ինչպես ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Արմեն Մանդալյանը, հսկայական խոհարարական միջոցառում տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 20-ին՝ Խոհարարների միջազգային օրը:
«Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ Միջազգային ասոցիացիայի գրեթե բոլոր 95 մասնակից-երկրները ցանկություն են հայտնել մասնակցել փառատոնի աշխատանքներին: Առավել ամբողջական կներկայացվի հայկական խոհանոցն ու ժամանակակից խոհարարությունը», - ասաց նա:
Մանդալյանն ավելացրեց, որ փառատոնի արդյունքում նախատեսվում է Երևանում բացել խոհարարների և սպասարկող անձնակազմի համար նախատեսված մասնագիտական դպրոց:
Ռուսաստանի ռեստորանատերերի և հյուրանոցատերերի դաշնության անդամ, ռետորանատեր Գայանե Բրեիովան (Աֆիյան) իր հերթին նշեց, որ Հայաստանում կան բոլոր նախադրյալները գաստրոնոմիական զբոսաշրջության զարգացման համար:
«Այժմ աշխարհում գաստրոնոմիական զբոսաշրջության զարգացման մեծ միտում է նկատվում: Հայաստանը լեգենդար երկիր է, և զբոսաշրջությունը պետք է լինի մեր երկրի զարգացման գլխավոր ուղղություններից մեկը», - ասաց նա:
Բրեիովան նաև ընդգծեց Հայաստանում մատուցողների ուսուցման մասնագիտական դպրոցի բացման կարևորությունը՝ նշելով, որ հարկավոր է բարձրացնել սպասարկման մակարդակը հայկական սրճարաններում և ռեստորաններում:-0-