ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Ստեփան Սիմոնյանը նախօրեին ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
«Սիմոնյանը ձերբակալվել և հարցաքննվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ», - նշվում է տեղեկատվության մեջ:
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (կաշառքի ստացում) քրեական գործը հարուցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա:
Քրեական գործով արդեն իսկ նշանակվել են տարաբնույթ փորձաքննություններ, կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ:
Գործով նախաքննությունը շարունակվում է:-0-