Ժամանակակից մարքեթինգի բնագավառում համաշխարհային հեղինակություն վայելող Ֆիլիպ Կոտլերը Երևանում կմասնակցի «Կոտլերի մարքեթինգային գերազանցության կենտրոնի» բացմանը, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Kotler Impact» ընկերության գործադիր տնօրեն Ֆահիմ Կիբրիան (Fahim Kibria)։
Տարածաշրջանի միակ նման Կենտրոնը կգործարկվի նոյեմբերի 9-11-ը Կոտլերի Հայաստան կայանալիք այցի ընթացքում։
«Կենտրոնը կսպասարկի ոչ միայն Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին, մասնավորապես՝ Իրանին, Վրաստանին, Ուկրաինային, Ռուսաստանին, ինչպես նաև Թուրքիային, քանի որ այլևս այդ տարածաշրջանում չի ծրագրվում կենտրոններ բացել։ Մեր հաջորդ նպատակը Բանգլադեշն է»,- ասաց նա։
Ըստ Կիբրիայի՝ Կոտլերն ընտրել է հատկաես Հայասանը, քանի որ այն հարուստ պատմություն, լավ կրթական պորտֆոլիո, ինչպես նաև մեծ ներուժ ունի։
«Կոտլերը երբեք չի եղել աշխարհի այս մասում։ Նա ընտրել է Հայաստանը որպես արժեքի վրա հիմնված կառավարման իր հայեցակարգի ուղղությամբ շարժվող տնտեսություն, որը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարի մասն է»,- ավելացրեց նա։
Բացի այդ, ըստ «Kotler Impact»-ի գործադիր տնօրենի՝ Կոտլերի գրքերը կթարգմանվեն հայերեն լեզվով։
Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանն իր հերթին նշեց, որ մինչև Կոտլերի գալը մի շարք միջոցառումների անցկացում է ծրագրվում։
«Մենք չենք ցանկանում, որպեսզի դա երկու-երեք օրվա իրադարձություն լինի։ Այդ պատճառով սեպտեմբերից մենք համաժողովի կազմակերպում, ինչպես նաև Հայաստանի մարքեթինգի հարցերով հեռուստաշոու ենք ծրագրում»,- նշեց նա։
Պրոֆեսոր Կոտլերի ժամանմանը նվիրված միջոցառումներին կմասնակցի մարքեթինգի և մենեջմենտի ավելի քան 2 հազար մասնագետ, Հայաստանի գործարարներ, ինչպես նաև՝ Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Ղազախստանից, Լեհաստանից, Ֆինլանդիայից և Ավստրիայից շուրջ 500 հյուրեր։ --0—