ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրի շուրջ 50 շրջանավարտների և 31 մագիստրոսների «կարմիր դիպլեմներ» է հանձնել։
Կառավարության ղեկավարը նաև դասախոսությամբ է ելույթ ունեցել շրջանավարտների առջև։
«Ես մեծ հաճույքով եմ կատարում այս պատվավոր առաքելությունը և հաճույքով դասախոսություն կվարեմ»,- ասել է նա։
Ըստ վարչապետի՝ շրջանավարտների և ուսանողների հետ հանդիպումները հնարավորություն են տալիս իմանալու, թե ինչպես են նրանք ընկալում համաշխարհային տնտեսության իրադարձություններն ու երևույթները, ինչպիսի մեթոդաբանություն են կիրառում, որքանով են ունակ ինքնուրույն վերլուծելու։
«Գաղտնիք չէ, որ բուհի մասին պատկերացումներն առաջին հերթին շրջանավարտներն են ձևավորում։ Եթե դուք կարողանաք ճիշտ օգտագործել ստացած գիտելիքներն ու հմտությունները՝ ներկայացնելով ձեր բուհը, դա կբարձրացնի նրա վարկանիշը»,- նշել է Սարգսյանը։
Նա նաև հաջողություն է մաղթել շրջանավարտներին և կոչ արել բարձր պահել ԵՊՀ-ի հեղինակությունը։
ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում գործում է 5 ամբիոն։ Այսօրվա դրությամբ ֆակուլտետում սովորում է շուրջ 1900 ուսանող, նրանցից շուրջ 1300-ը՝ բակալավրիատում, շուրջ 450-ը՝ մագիստրատուրայում։ Ֆակուլտետում շուրջ 70 սովորող երկրորդ բարձրագույն կրթություն է ստանում։ -0-