ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն է մասնակցելու, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։
«Կոմունիստական կուսակցությունն արդեն երկար տարիներ միայնակ է մասնակցում ընտրություններին և նույն ձևաչափով կմասնակցի կայանալիք ընտրություններին», - ասաց նա։
Մեկնաբանելով այլ ուժերի հետ Կոմկուսի միավորման հնարավորությունը՝ Թովմասյանն ընդգծեց, որ սոցիալիստական գաղափարախոսությունը երբեք չի կարող միավորվել լիբերալ-դեմոկրատականի հետ։
«Մենք կհամագործակցենք քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են սոցիալիստական, կոմունիստական գաղափարախոսությունը և պատրաստ են Կոմկուսի հետ միասին ընթանալ ոչ միայն ընտրությունների ժամանակ», - նշեց նա։-0-