ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կոմկուսն անիմաստ է համարում իշխանությունների և ընդդիմության երկխոսությունը, երեքշաբթի ասաց Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։
«Ինձ համար պարզ չէ, թե ինչ նպատակներ է հետպանդում Հայ ազգային կոնգրեսը (ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր ուժը)։ Իշխանություններին վարկաբեկող ընդդիմության այսքան ելույթներից հետո իմաստ չկա կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ», - ասաց նա։
Թովմասյանի կարծիքով՝ երկխոսությունը թղթե տնակ է հիշեցնում, «որն առաջին իսկ հանդիպման ժամանակ կհայտնի օդում»։
Թովմասյանը համոզված է, որ ընդդիմության և իշխանության երկխոսությունը որևէ նոր բան չի տա և չի հանգեցնի շոշափելի արդյունքների, քանի որ և իշխանությունները, և ընդդիմությունը հետամուտ են միևնույն լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությանը։
Կոմկուսի ղեկավարը կարծում է, որ երկխոսությունը նախաձեռնել է Արևմուտքը՝ ժողովրդական երկրի «վարվելակարգը» պահպանելու նպատակով։
Մայիսի 31-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ պատրաստ են «իշխանության հետ ֆորմալ երկխոսության, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության»: Նույն հանրահավաքի ընթացքում ընդդիմությունը հայտարարել էր, որ երկխոսությունը կարող է ընթանալ խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների հարցի շուրջ: Հաջորդ օրը ՀԱԿ-ը համապատասխան պատվիրակություն է ձևավորել իշխանությունների հետ երկխոսության համար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին հայտարարել է, որ եթե մեկ կոնկրետ հարցու շուրջ բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ:
Նախորդ շաբաթ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը տեղեկացրել էր, որ հայկական կոալիցիոն կուսակցությունները ընդդիմության հետ երկխոսության խումբ են ձևավորել և պատրաստ են հանդիպման առաջիկա տասնօրյակում:-0-