ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը չի բացառում, որ Հայոց ցեղասպանության թեման ապագայում կարող է արծարծվել երիտասարդ թուրք կինոռեժիսորների ֆիլմերում:
«Սեփական ֆիլմերում Հայոց ցեղասպանության թեման բարձրացնողը թուրք ռեժիսորների երիտասարդ սերունդն է: Չարժե հույսը դնել ավագ սերնդի վրա», - ասաց Ավետիքյանը «Ոսկե ծիրան» երևանյան ութերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում երեքշաբթի կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ռեժիսորը նշեց, որ դրա բավականին վառ ապացույցն է փառատոնի շրջանակներում գոյություն ունեցող հայ-թուրքական կինոպլատֆորմը, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել համագործակցություն հաստատել հայ և թուրք կինոգործիչների միջև:
Խոսելով իր «Շների պատմությունը» ֆիլմի մասին՝ Ավետիքյանն ընդգծեց, որ դեմ է Հայոց ցեղասպանության հետ ուղղակի զուգորդումներին, նա կոչ է արել լրագրողներին ուշադրություն դարձնել կինոլեզվի վրա, որի միջոցով փոխանցվում է ֆիլմի հիմնական գաղափարը:
Ռեժիսորը նշեց, որ երկար ժամանակ կերպար էր փնտրում, որի միջոցով կկարողանար պատկերել իր ֆիլմը և հանկարծակի հիշել է մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Ստամբուլի շները» նկարի մասին:
Կինոփառատոնին մասնակցող կանադահայ ռեժիսոր Հակոբ Գուդսուզյանն իր հերթին ընդգծեց, որ իր «Հայ տարագիր» ֆիլմի հիմնական գաղափարը հայրենիքն է, «ինչպե՞ս ապրել և ու՞ր գնալ» հարցի պատասխանի որոնումը:
Նա ընդգծեց, որ հայերը պարտավոր են պահպանել իրենց պատմական հիշողությունը, չմոռանալ սեփական պատմության ողբերգական էջերը, Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև թույլ չտալ Թուրքիային մոռանալ այդ մասին:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
«Ոսկե ծիրան» ութերորդ կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 10-17-ը, որին մասնակցում է 150 ֆիլմ 45 երկրից:
«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: -0-