Հայագիտական կենտրոնի բացումը Թեհրանում կդառնա երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ու համագործակցության վառ դրսևորումը, երկուշաբթի Հայաստանում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղայանի հետ հանդիպման ընթացքում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Կենտրոնի բացումը ծրագրված է «ԻԻՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին 2010-2013 տարիների գործնական ծրագրով», հաղորդում է Կրթության նախարարության մամուլի ծառայությունը։
Աշոտյանը հույս է հայտնել, որ ԵՊՀ ռեկտորի առաջիկա այցելությունն Իրան կնպաստի այդ խնդրում գործնական արդյունքների արձանագրմանը:
Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեսպանի միջոցով Հայաստան է հրավիրել ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Քամրան Դանեշջուին` մասնակցելու սեպտեմբերին Երևանում նախատեսվող բարձրագույն կրթության ֆինանսավորմանը նվիրված կոնֆերանսին:
Իրանի դեսպանն իր հերթին պատրաստակամություն է արտահայտել հետամուտ լինել ԵՊՀ ռեկտորի այցի ընթացքում Թեհրանում հայագիտական կենտրոնի ստեղծման աշխատանքներին:
Դեսպանն անդրադարձել է նաև հայ և իրանցի դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դիպլոմների փոխճանաչման, ուսանողների կրթության ընթացքում ծագած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր: -0-