ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկուշաբթի Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ հանդիպման ժամանակ հաստատել է իր ուկրաինացի գործընկեր Նիկոլայ Ազարովի Երևան այցելելու հրավերը։
Լիտվինի գլխավորած ուկրաինական պատվիրակությունը երկուշաբթի պաշտոնական երկօրյա այցով Երևան է ժամանել՝ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրավերով։
Ինչպես հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակը և կարևորել Վլադիմիր Լիտվինի այցը Հայաստան հայ-ուկրաինական փոխհարաբերությունների խորացման համատեքստում:
Հայ-ուկրաինական տնտեսական փոխգործակցության ընդլայնման գործում վարչապետ Սարգսյանն ընդգծել է առկա ողջ ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել միջկառավարական հանձնաժաղովի աշխատանքները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության, շինարարության, էներգետիկայի, սննդարդյունաբերության, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության և զբոսաշրջության բնագավառներում գործակցության զարգացման, ինչպես նաև միջտարածաշրջանային կապերի սերտացման հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել երկու երկրներում ընթացող բարեփոխումներին: -0-