Երևանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցության 2011-2014 թթ. ծրագիր են ստորագրել
Երևանի քաղաքապետարանն ու Սանկտ Պետերբուրգի կառավարությունը առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2011-2014 թթ. համագործակցության ծրագիր են ստորագրել, շաբաթ օրը հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունն՝ ամփոփելով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի Սանկտ Պետերբուրգ կատարած այցի արդյունքները:
Ընդգծելով կողմերի միջև փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ գործնական այս հանդիպումը նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը:
«Մենք մեր գործընկերների հետ խոսել ենք և պայմանավորվել, որ յուրաքանչյուր կողմը առավելագույն ջանք կգործադրի, որպեսզի այդ փաստաթուղթը զուտ փաստաթուղթ չմնա: Կարծում եմ` մենք կունենանք բավականին հետաքրքիր շարունակություն», - ասել է նա:
Մատվիենկոն իր հերթին ընդծել է համագործակցության զգալի ներուժը, վստահեցրել է, որ Երևանի հետ փոխգործակցությունը միշտ հեռանկարային է եղել Ռուսաստանի հյուսիսային մայրաղաքաղաքի համար:
Քառամյա ծրագիրը, որն ուղենշում է կոնկրետ ուղղություններ, նախատեսում է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև իրականացնել փորձի փոխանակման և ներդրումային ծրագրեր` մշակույթի, կրթության, աղբահանության, բնապահպանության, սպորտի և մի շարք այլ բնագավառներում:
Մասնավորապես աշխատանքներ կտարվեն առևտրատնտեսական ոլորտում կլոր սեղանների կազմակերպման, Սանկտ Պետերբուրգում և Երևանում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների միջև տեղեկատվության փոխանակման, քաղաքային կառավարման և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև աշխատանքներ իրականացնել Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի տան հիմնման, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում «Երևան» և Երևանում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցների կառուցման մասով:
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով հուլիսի 6-ից 8-ը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում։-0-

