ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ Ղարաբաղում պատերազմի դեպքում հայկական կողմը կհաղթի:
«Վերջին պատերազմում հայ ռազմիկի հարվածներից խորտակվել են բոլոր ամրությունները: Մենք պարբերաբար տեսել ենք անկանոն փախուստի մատնված թշնամու թիկունքը: Մենք հաղթեցինք տևական, ծանրագույն և անհավասար պատերազմում: Ոմանք «անհավասար պատերազմ» ասելով՝ նկատի ունեին այն իրողությունը, որ Ադրբեջանն ուներ ավելի շատ փող, ավելի շատ տեխնիկա և կենդանի ուժ: Բայց ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք», - ընդգծել է նախագահը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Հայաստանի երիտասարդ սպաների առաջին համահայկական համաժողովի ժամանակ:
Սարգսյանը նշել է, որ Հայաստանն այսօր էլ խաղաղության կողմնակիցն է, բայց եթե «զավթիչների ու անարդարների մտքով նոր արկածախնդիր մտադրություն անցնի, վայրկյան անգամ չեմ կասկածում` նորից անհավասարություն կլինի, ու մենք էլի կլինենք ուժեղը»:
Նա կարևորել է հաղթողի հոգեբանությունը՝ նշելով, որ ներկայիս երիտասարդ սպայական կազմի համար օրինակ պետք է ծառայի Արցախյան հերոսամարտում հաղթած հայրերի և ավագ եղբայրների փորձը:
«Ժամանակակից բանակների սպաների նախատիպերը միջնադարյան Եվրոպայում ասպետներն էին, Հայաստանում` նախարարական և իշխանական տների ներկայացուցիչները: Ազգի զինվորականության կորիզը ազնվական տների զավակներ էին, որոնք պաշտպանում են բառի ուղղակի իմաստով իրենց հոր տան պատիվը, բայց մեծ հաշվով` հայրենիքը: Նման համեմատությունը կարող է հնաոճ թվալ, սակայն ձեր՝ երիտասարդ սպաների ուսերի վրա է նույն առաքելությունը՝ հայրական տան և հայրենիքի պաշտպանությունը: Դուք եք ազգի ռազմական ավանդույթների ժառանգները», - հայտարարել է նախագահը:
Նա ընդգծել է, որ սպաները նաև մտավորականության ներկայացուցիչներ են, և իրենց վարքով պետք է դուրս մղեն «բիրտ թշնամու» կարծրատիպը:
«Սպայակազմը պետության ողնաշարն է: Դուք թշնամու առաջի թիրախն եք, և մենք՝ ղեկավարությունն ու ժողովուրդը, գիտենք դա և ձեզ համար պատրաստ ենք անելու հնարավորն ու անհնարինը», - հայտարարել է ՀՀ նախագահը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-