ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Դիակիզարանի կառուցումը Հայաստանում թույլ կտա կրճատել գերեզմանոցների տարածքները 70-80 տոկոսով, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Ռազմիկ Հարությունյանը։
«Այսօր Հայաստանում գոյություն ունի 20 գերեզմանոց, որոնք 500 հեկտար տարածք են զբաղեցնում, մինչդեռ 1997 թվականին դրանք ութն էին»,- ասաց Հարությունյանը։
Ըստ նրա` աշխարհի ամենազարգացած երկրները՝ Ամերիկան, Ֆրանսիան, Ճապոնիան, որոշում են ընդունել դիակիզարաններ կառուցել, ժամանակն է Հայաստանին էլ միանալ դրան։
Հարությունյանն ասաց, որ դիակիզարանի կառուցումը կօգնի մեկ գերեզմանի համար նախատեսված հողի 12 քառակուսի մետրը վերածել ընտանեկան գերեզմանոցի և մի քանի անգամ կրճատել դրանց մակերեսը։
Բացի այդ, Հարությունյանը հայտնեց, որ դիակիզարանը կլուծի նաև մի շարք բնապահպանական, էթիկական և սանիտարական խնդիրներ։
Ըստ նրա` Հայաստանի առաջին դիակիզարանի կառուցման առաջին նախագիծը ստեղծվել է 1984 թվականին, սակայն չի իրագործվել, այնուհետև Հայաստանի Ազգային ժողովը որոշում է ընդունել դիակիզարանի շինարարության ֆինանսավորման մասին, սակայն այդ որոշումը նույնպես մնացել է թղթի վրա։
Հարությունյանը հայտնեց, որ չնայած ինքը ճշմարիտ քրիստոնյա է, իսկ քրիստոնեական օրենքներով մարդուն պետք է հողին հանձնել, նա պատրաստ է մահից հետո դիակիզման ենթարկվել։
Իր հերթին Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հայտնեց, որ Հայ Առաքելական եկեղեցին չի ընդունում ննջեցյալների դիակիզումը։
«Քրիստոնեությունը և Հայ Առաքելական եկեղեցին չեն ընդունում դիակիզումը, քանի որ Քրիստոսը հարություն է առել պայծառակերպված Մարմնով, և վերջին դատաստանի օրը յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հարություն առնի մարմնով»,- ասաց հոգևորականը։
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին Հայաստանում մահացել է 7851 մարդ, ինչը 2009 թվականի հունվար-մարտի ցուցանիշից ավելի է 9,1 տոկոսով։ -0-