ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարաության բենզատար ավտոմեքենան է նախօրեին շրջվել Արագածոտնի մարզի Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին, բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է տուժել, հաղորդում է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է հուլիսի 6-ին՝ ժամը 09։15 րոպեին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ հաշվարկը։
«Դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում շրջվել է ՀՀ ՊՆ պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի բենզատար ավտոմեքենան, որի հետևանքով վարորդ, զինծառայող մայոր 48-ամյա Անդրանիկ Անդրեասյանը և ողևոր պայմանագրային ծառայող 27-ամյա Սամվել Սարուխանյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Արմենիա» բժկական կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։
Բժիշկները տուժածների վիճակը ծանր են գնահատում։
Դեպքի վայրում հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են արտահոսած դիզվառելիքի (մոտ 5,5 տ) լվացման և բենզատարի հովացման աշխատանքներ: -0-