2011 թ.-ի հունվար-մայիսին հայկական ԱԷԿ-ին բաժին է հասել հանրապետությունում արտադրված էլեկտրաէներգիայի համախառն ծավալի 36,5 տոկոսը, վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ատոմակայանում արտադրվել է 1124,6 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 3,7 տոկոսով պակաս է 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
2011 թ.-ի առաջին հինգ ամսվա ընթացքում հանրապետության ջերմային էլեկտրակայաններին և ՀԷԿ-ին բաժին է ընկել համապատասխանաբար 28,5 և 35 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը, 2010 թ.-ի հունվար-մայիսի համեմատ, ավելացել է 2,7 անգամ և հասել 878,9 միլիոն կՎտ/ժ, իսկ հիդրոկայանները, ընդհակառակը, 7,6 տոկոսով նվազեցրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ հասցնելով 1078,2 միլիոն կՎտ/ժ:
Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։ ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին (երկրորդ բլոկը գործարկվել է 1980-ին)։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ ВВЭР-440 ռուսական 407,5 հզորությամբ ռեակտորով։ Գործող երկրորդ բլոկը միջինն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։--0--