Հայաստանը և Ճապոնիան մշակութային արժեքների պահպանման մասին հուշագիր են ստորագրել

24.06.2011, 13:54
Հայաստանը և Ճապոնիան մշակութային արժեքների պահպանման մասին հուշագիր են ստորագրել

ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պատմության պետական թանգարանը և Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտության ազգային ինստիտուտն ուրբաթ մշակութային ժառանգության պահպանման մասին հուշագիր են ստորագրել։

«Հայաստանը Եվրպոայի և Ասիայի մշակութային խաչմերուկում է գտնվում, և այդ իմաստով մենք հսկայական նշանակություն ենք տալիս այդ համագործակցությանը»,- ասաց Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտության ազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Նաբուո Կանեին։

Փաստաթղթի շրջանակներում համագործակցությունը նախատեսված է մինչև 2014թ.-ը։ Հուշագրի շրջանակներում կողմերը համատեղ ծրագրեր են իրականացնում մետաղյա ցուցանմուշների պահպանման և ուսումնասիրման ուղղությամբ։
 
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անետա Գրիգորյանն իր հերթին ընդգծեց համատեղ համագործակցության կարևորությունը և նշեց, որ երկու կողմերը կարող են հարստացնել միմյանց՝ առկա հնագիտական ցուցանմուշների հարստության շնորհիվ։

Ըստ նրա՝ ծրագրի շրջանակներում ցուցանմուշների գիտական վերլուծություն ու հնագիտական հետազոտություններ են նախատեսված, որոնց ընթացքում կիրականացվեն հնագիտական նյութերի ուսումնասիրման աշխատանքները, որոնք մասնավորապես գտնվել են Կարմիր բլրի տարածքում։

Կարմիր բլուր» պատմավայրը «Էրեբունի» թանգարանի մի մասն է։ 1930-ականների վերջից մինչև 1971 թվականը հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու անցկացրած պեղումների արդյունքում այստեղ մթա 7-րդ դարին, այսինքն՝ Վանի թագավորության երկրորդ ժամանակաշրջանին վերաբերող առարկաներ են հայտնաբերվել։  

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն իր կողմից նշեց, որ ծրագիրն ուղղված է Հայաստանում մետաղյա իրերի պահպանման և հետազոտման տարածաշրջանային կենտրոնի ստեղծմանը։ 

Ըստ նրա՝ կենտրոնը կստեղծվի պատմության թանգարանի հիման վրա, և այդ աշխատանքները նախատեսված է անցկացնել մինչև 2015թ.-ը։ -0-