Հայաստանը պատրաստվում է նշել մեծանուն գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյա հոբելյանը
Միջնադարի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացուն նվիրված սեմինար կանցկացվի հուլիսի 12-13-ը Բյուրականի աստղադիտարանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայկական աստղագիտական միության փոխնախագահ Արեգ Միքայելյանը:
Նրա խոսքերով՝ սեմինարն անցկացվում է պատմա-աստղագիտական գիտաժողովին նախապատրատվելու նպատակով, որը կանցկացվի 2012 թ.-ին և նվիրված կլինի Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը, ինչպես նաև գիտնականի 1400-ամյակին նվիրված այլ միջոցառումներին, որը նշվելու է հաջորդ տարի ՀՀ կառավարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ:
Բյուրականի աստղադիտարանում նախատեսված սեմինարը կազմակերպվել է Լեյդենի համալսարանի պրոֆեսոր Հրաչ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցելու են Բյուրականի աստղադիտարանի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Մատենադարանի գիտաշխատակիցները և այլոք:
«Սեմինարին հրավիրվում են նաև գիտական լրագրողները, որոնց մասնակցությունը կարևորվում է 2012թ. միջոցառումների պլանավորման և լուսաբանման տեսանկյունից», - ասել է Միքայելյանը:
Անանիա Շիրակացին հայ միջնադարի խոշորագույն գիտնական է. փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ, ճշգրիտ գիտությունների և բնագիտության հիմնադիրը Հայաստանում: Ունենալով իր ժամանակի համար առաջադեմ աստղագիտական հայացքներ և թողնելով հարուստ աստղագիտական ժառանգություն՝ նա իրավամբ համարվում է աստղագիտության հիմնադիրը Հայաստանում: Շիրակացին պաշտպանում էր Երկրի ոլորտային վարկածը, առաջարկել է երկնքում երևացող Ծիր Կաթնի շերտի ճիշտ բացատրություն և զարգացրել է Լուսնի մակերևույթի բավականաչափ լավ պատկերացում: Նա կարողանում էր ճշտորեն մեկնաբանել Լուսնի և Արեգակի խավարումները: Նրա գիտական ժառանգությունը զգալի ազդեցություն է ունեցել հայ բնագիտական մտքի հետագա զարգացման, ինչպես նաև մի շարք բյուզանդական գիտնականների հայացքների վրա: Շիրակացու աշխատանքները հայ հնագույն աստղագիտական եզրաբանության պարզաբանման հիմնական աղբյուր են հանդիսանում, ներառյալ համաստեղությունների և աստղերի անվանումները: -0-

