Ռուսական ռազմական բեռների տարանցման մասին համաձայնագիրը դադարեցնելու Վրաստանի որոշումն ուղղված չէ Հայաստանի դեմ. պատգամավոր

20.04.2011, 14:57
Ռուսական ռազմական բեռների տարանցման մասին համաձայնագիրը դադարեցնելու Վրաստանի որոշումն ուղղված չէ Հայաստանի դեմ. պատգամավոր

Ռուսական ռազմական բեռների տարանցման մասին համաձայնագիրը դադարեցնելու Վրաստանի որոշումն ուղղված չէ Հայաստանի դեմ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Վրաստանի խորհրդարանը նախօրեին միաձայն ընդունել է «Վրաստանի տարածքով ռազմական բեռների և անձնակազմի տարանցման մասին Ռուսաստանի հետ կնքված 2006 թ.- մարտի 31-ի համաձայնագրի գործողությունների դադարեցման մասին» որոշումը: Համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է 2011 թ.-ի նոյեմբերին:

Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեի խոսքերով՝ վերջին տարիներին Ռուսաստանը չէր օգտվում այդ համաձայնագրից և վերջին անգամ այդ հարցով դիմել է Վրաստանին 2008 թ.-ի հունիսին, սակայն մերժում ստանալուց հետո այլևս չի դիմել: Վրաստանը մտադիր է նախօրոք ՌԴ-ին պաշտոնական տեղեկատվություն ուղարկել այն մասին, որ դուրս է գալիս այդ համաձայնագրից:

«Հարցը Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի իրավասության ներքո է, ավելին, վրացի գործընկերները վստահեցրել են հայկական կողմին, որ այդ որոշումն ուղղված չէ Հայաստանի դեմ», - ասաց Կարապետյանը:

Վրաստանը Ռուսաստանի և Հայաստանի միջև գրեթե միակ ցամաքային տարանցիկ ուղին է, քանի որ Հայաստանի և Թուրքիայի սահմանը փակ է, իսկ Ադրբեջանի հետ երկիրը փաստորեն գտնվում է ռազմական դրության մեջ:

Կարապետյանը կարծում է, որ տարանցման մասին համաձայնագրի դադարեցումը Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ կստեղծի, և նա պետք է ճանապարհ գտնի դրանք լուծելու և պաշտպանության ոլորտում հայ-ռուսական գործող պայմանագրերը կատարելու համար:

ՀՀ ԱԺ-ն նախորդ շաբաթ վավերացրել է ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացման մասին արձանագրությունը, որը նախատեսում է ոչ միայն ժամկետների երկարացում, այլև մի շարք բաղկացուցիչներ, որոնց թվում է հայկական Զինված ուժերի հետ համատեղ Հայաստանի անվտանգության ապահովումը:

Ռուսական կողմը, փաստաթղթի համաձայն, պարտավորվում է հայկական կողմին զինել ժամանակակից սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով:

Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը ռազմական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ-ի միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում:

Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Բազայի անձնակազմը շուրջ 5 հազար մարդ է ներառում:-0-