Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ղարաբաղ
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը մտադիր է այցելել Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Երկուշաբթի Երևան այցելած պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ այս այցը կխթանի և նոր ազդակ կհանդիսանա երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացման, համագործակցության եզրերի ընդլայնման, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեության աշխուժացման, երկկողմ այցերի ակտիվացման համար: Նրա խոսքով` Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում:
Հայաստան այցելած Միացյալ Թագավորության պատգամավորների խնդրանքով ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմությունը, Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները:
ԱԺ նախագահն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացների այսօրվա վիճակին` կարևորելով արտերկրում, միջազգային կառույցներում դրանց վերաբերյալ օբյեկտիվ կարծիք ձևավորելու և երկակի ստանդարտներից խուսափելու անհրաժեշտությունը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

