Հայ խորհրդարանականները նոր Օմբուդսմեն են ընտրում
Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրություններն են մեկնարկել չորեքշաբթի հանրապետության խորհրդարանում։ Այդ պաշտոնի միակ թեկնածուն է Կարեն Անդրեասյանը։
Ընտրությունները կտևեն մեկ ժամ՝ Երևանի ժամանակով մինչև 14։30-ն։ Անդրեասյանի թեկնածությանը սատարում է խորհրդարանական կոալիցիան։
Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Պետրոսյանն ասաց, որ թեկնածուն համապատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող բոլոր պահանջներին։
«Նիստի դահլիճում ներկաների ճնշող մեծամասնությունը կողմ է Անդրեասյանի թեկնածությանը, և պատահական չէ, որ նրա թեկնածությունն են առաջադրել մոտ 50 պատգամավորներ»,- ասաց Պետրոսյանը՝ կոչ անելով Անդրեասյանին պահպանել չեզոքություն Օմբուդսմենի պաշտոնում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը կարևորեց հանրապետության Օմբուդսմենի գիտական գործունեությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի հետ համագործակցությունը։
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց ՀՀԿ պատգամավորի դիրքորոշման վերաբերյալ, ով արդեն հիմա կոչ է անում դեռևս չընտրված Անդրեասյանին չեզոք լինել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում և չմիանալ որևէ շարժման։
Բացի այդ, ինչպես կարծում է Հովհաննիսյանը, հասկանալի չէ, ինչպես և որ շրջանակներում է առաջացել Անդրեասյանին Օմբուդսմենի պաշտոնին առաջադրելու գաղափարը։
«Անկախ նրանից, ինչպես ենք մենք վերաբերվում Անդրեասյանին, ՀՅԴ-ն կքվեարկի նրա թեկնածության դեմ»,- ասաց նա։
«Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը ներկա չի եղել ԱԺ նիստին, քանի որ երկուշաբթի օրվանից հայտարարել է խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու մասին։ -0-

