Ի հակակշիռ իշխանականի՝ ընդդիմադիր կոալիցիայի ստեղծումը Հայաստանում չի բացառվում. թերթ

24.02.2011, 12:20
Ի հակակշիռ իշխանականի՝ ընդդիմադիր կոալիցիայի ստեղծումը Հայաստանում չի բացառվում. թերթ
Ի հակակշիռ իշխանականի՝ ընդդիմադիր կոալիցիայի ստեղծումը Հայաստանում չի բացառվում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ընդդիմադիր կոալիցիայի ստեղծումն՝ ի հակակշիռ իշխանականի, չի բացառվում, գրում է «Երկիր» թերթը։

Պարբերականի համաձայն՝ կոալիցիոն հուշագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների միջև ընդդիմադիր ուժերի առջև խնդիր է դնում՝ կամ հաշտվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում պարտության հետ, կամ միավորվել և իշխանության գալու խնդիր դնել։

Ներկայումս առավել ազդեցիկ ընդդիմադիր ուժերն են խորհրդարանական երկու կուսակցությունները՝ ՀՅԴ-ն և «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես նաև արմատական ընդդիմությունն՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի։ Այս ուժերն արդեն փորձել են միավորվել 2009 թվականին, սակայն երեք ուժերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր պլատֆորմը, որոնք սկզբունքային հարցերում չեն համապատասխանել միմյանց։

Արդյունքում կուսակցությունների ձուլում տեղի չունեցավ։ Հետաքրքիր է, որ «Ժառանգություն» կուսակցության միավորումն ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ ՀԿԴ-ի հետ հնարավոր է, քանի որ առաջին դեպքում երկու ուժերն արդեն համագործակցել են միասին, իսկ երկրորդի դեպքում՝ պարզապես անհրաժեշտ է լուծել առաջնորդի հետ կապված հարցը։ Եթե ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» կարողանան փոխզիջման հասնել, ապա երկխոսությունը միանգամայն իրական է։

Այլ կերպ են դասավորվում հարաբերությունները ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի միջև։ Մասնավորապես, երկու ուժերի դիրքորոշումներն արմատապես տարբերվում են միմյանցից Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների հարցում։

Բացի այդ, ՀԱԿ-ը ցանկանում է արտահերթ ընտրություններ անցկացնել, ինչի հետ համաձայն չէ ինչպես Դաշնակցությունը, այնպես էլ «Ժառանգությունը»։ Սրանք խնդիրներ են, որոնք բացառում են նշված ուժերի միավորումը երկարաժամկետ հեռանկարում։

Սակայն կարճաժամկետ հեռանկարում կոնկրետ նպատակների հասնելու համար միավորումը հնարավոր է, քանի որ ներկայումս երեք ուժերի ձեռքում է շատ կարևոր մի ռեսուրս՝ փոփոխություններ իրականացնելու հանրային պահանջը։ -0-