Կրթության նախարարությունը խոստանում է հոգ տանել 18-րդ հատուկ դպրոցի կոլեկտիվի և սաների մասին՝ այն փակելուց հետո

03.02.2011, 15:23
Կրթության նախարարությունը խոստանում է հոգ տանել 18-րդ հատուկ դպրոցի  կոլեկտիվի և սաների մասին՝ այն փակելուց հետո

«Փոքր Մհեր» ռազմամարզային գիմնազիայի հետ միավորված Նուբարաշենի նախկին №18 հատուկ դպրոցի ուսուցիչները  առանցի աշխատանք չեն մնա, իսկ սաները ճակատագրի հույսին չեն մնա, հաստատության մանկավարժների  հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Երկու դպրոցների միավորման վերաբերյալ կառավարության որոշումը պայմանավորված է նրանով, որ №18 հատուկ դպրոցում, որը նախատեսված է դժվար դեռահասների, օրենքի հետ խնդիրներ ունեցողների համար, նաև սովորել են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները։ Ստուգումների արդյունքում նախարարությունը պարզել է, որ 80 երեխայից միայն 9-ն են ոստիկանությունում հաշվառման մեջ եղել։

Ինչպես տեղեկացվում է նախարարության կայքում, Աշոտյանը նշեց, որ աշխատակազմից որևէ մեկը գործազուրկ չի դառնալու, «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրի դեկավարության առջև խնդիր է դրված բոլորին ապահովել աշխատանքով։

 «Ձեզ հնարավորություն է տրվում աշխատել նոր պայմաններում և նոր, ժամանակակից պահանջներին համապատասխան, ինչը կնպաստի ձեր  մասնագիտական հմտությունների լիարժեք դրսևորմանը»,- նշել է նախարարը։

Երեխաների ճակատագրի վերաբերյալ նախարարը նշել է, որ դպրոցը նախատեսված էր հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար, մինչդեռ այնտեղ ընդգրկված էին հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ։

Նախարարը նշեց, որ մինչև այս ուսումնական տարվա ավարտը նրանք կշարունակեն ապրել նույն կերպ, իսկ ամռան ամիսներին կիրականացվի երեխաների կարիքների գնահատում, և յուրաքանչյուրի համար կտրվի համապատասխան լուծում:

«Ակնհայտ էր, որ ձեր դպրոցը վատ համբավ ուներ։ Դպրոցի գործունեության ընթացքում իրավապաշտպան, հասարակական և միջազգային կազմակերպություններից բազմիցս ահազանգեր են հնչել, տարաբնույթ դժգոհություններ են եղել։ Բացի այդ, դպրոցում ընդգրկված էին մեծ թվով ոչ պրոֆիլային երեխաներ։ Այդ ամենի արդյունքում նախապես որոշվել էր դպրոցը փակելով լուծել հարցը, սակայն քննարկումների արդյունքում որոշվեց վերապրոֆիլավորել այն`  դարձնելով ռազմահայրենասիրական ուղղվածության»,- ասել է Ա. Աշոտյանը, նշելով, որ  այդ ոլորտում «Փոքր Մհեր» կրթահամալիրն առաջատարներից մեկն է։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրի մասնաճյուղում առաջիկա երկու տարիների ընթացքում 250 միլիոն դրամի ներդրում է կատարվելու։ -0-