Ղարաբաղյան խնդրի լուծման միակ ճանապարհն ինքնորոշման իրավունքի իրականացումն է. ՀՀԿ

31.01.2011, 14:24
Ղարաբաղյան խնդրի լուծման միակ ճանապարհն ինքնորոշման իրավունքի իրականացումն է. ՀՀԿ

Ղարաբաղյան խնդրի լուծման միակ ճանապարհն ինքնորոշման իրավունքի իրականացումն է կամ 1991թ.-ի հանրաքվեի արդյունքների ճանաչման, կամ նոր հանրաքվե անցկացնելու միջոցով, կարծում է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

 «ՀՀ նախագահը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասեկ է, որ ղարաբաղյան խնդրի լուծման միակ ճիշտ ճանապարհը հանրաքվեն է, այսինքն Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում, և միակ ճանապարհն ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումն է»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Շարմազանովը։

Այդ առումով նա ընդգծեց ղարաբաղյան հակամարտության լուծման գործում  Հարավային Սուդանի նախադեպի կարևորությունը՝ նշելով, որ ինչպես պատերազմ ապրած Ղարաբաղի ժողովուրդն ապացուցեց անկախության իր իրավունքը, այդպես էլ Հարավային Սուդանի ժողովուրդն արեց դա 1983-2005թթ. պատերազմի ընթացքում։

 «Հարավային Սուդանի բնակչության ընտրությունը ցույց տվեց, որ աշխարհում շարունակվում է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարշավը։ Ուզում են դա Թուրքիան և Ադրբեջանը, թե ոչ, բայց ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթական երթը շարունակվում է»,- ասաց Շարմազանովը։

2005 թվականին 20-ամյա քաղաքացիական պատերազմից հետո երկրի Հյուսիսը ներկայացնող կառավարական ուժերը Համապարփակ խաղաղ համաձայնագիր են ստորագրել Հարավի ապստամբների հետ։ Դրա պայմանների համաձայն՝ նավթով հարուստ Հարավային Սուդանի ինքնորոշման հարցը պետք է լուծվի 2011 թվականի հունվարի 9-ին մեկնարկած հանրաքվեի միջոցով։

Հանրաքվեի անցկացման հանձնաժողովի նախագահ Մուհամեդ Իբրահիմ Հալիլի խոսքերով՝ Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի մասնակիցների ավելի քան 99 տոկոսը, ովքեր քվեարկել են երկրի հարավում, արտահայտվել են Հարավային Սուդանի բաժանման օգտին:-0-