Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են նավթամուղի շինարարության մասին. թերթ
Իրանն ու Հայաստանը նավթամուղի շինարարության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ դեպի Հայաստան իրանական նավթարտադրանքի տարանցման համար, հաղորդում է Tehran Times թերթը՝ հղում անելով Իրանի նավթի նախարար Մասուդ Միրկազեմիին:
Մեկնաբանելով Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի այցը Իրան՝ Իրանի նավթի նախարարը նշել է, որ նավթամուղը կկառուցվի Թավրիզ քաղաքից և կձգվի մինչև Հայաստանի հետ սահման, ինչը թույլ կտա հայկական կողմին Իրանի հաշվին բավարարել է նավթարտադրանքի պահանջարկի մի մասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միրկազեմին այլ մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով միայն, որ իրանական նավթարտադրանքի արտահանման արժեքն ու ծավալները կհամաձայնեցվեն մոտ ապագայում:
Իրան կատարած այցի շրջանակներում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հանդիպել է նաև Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհիի հետ, ում հետ քննարկել է երկրների միջև երկաթուղու կառուցմանն առնչվող հարցեր:
«Հայաստանն ու Իրանը քաղաքական խնդիրներ չունեն, ինչը լավ հիմք է ստեղծում՝ այլ ոլորտներում ևս կապերի ընդլայնման համար», - նշել է Մովսիսյանը:
2010 թ.-ի հուլիսին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան նավթամուղի աշխատանքները գնահատվում են 160-180 միլիոն դոլար, ընդ որում մասնակից-երկրները ֆինանսավորումը հավասար կկիսեն:-0-

