Լևոն Տեր-Պետրոսյանն ամենայն հավանականությամբ չի մասնակցի ՀՀ հերթական խորհրդարանական ընտրություններին. փորձագետ

18.01.2011, 15:55
Լևոն Տեր-Պետրոսյանն ամենայն հավանականությամբ չի մասնակցի ՀՀ հերթական խորհրդարանական ընտրություններին. փորձագետ
Լևոն Տեր-Պետրոսյանն ամենայն հավանականությամբ չի մասնակցի ՀՀ հերթական խորհրդարանական ընտրություններին. փորձագետ

ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենայն հավանականությամբ չի մասնակցի ՀՀ հերթական խորհրդարանական ընտրություններին, կարծում է Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը։

«Հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացումից 3-4 ամիս անց պաշտոնապես մեկնարկում է նախագահական ընտրությունների քարոզարշավը, և, բնական է, ՀՀ առաջին նախագահը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհայտարարի այն մասին, որ քվեարկության արդյունքները կեղծվելու են և ուղիղ կգնա նախագահական ընտրությունների, իսկ հաղթանակից հետո կլուծարի խորհրդարանը»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացումը միայն ընդդիմությանն է ձեռնտու, քանի որ խորհրդարանական ընտրություններից հետո դժգոհության և նոր հասարակական ցնցումների ալիք կբարձրանա, որը կհամընկնի նախագահական ընտրությունների քարոզարշավի սկզբի հետ։

«Բնական է, որ այդ պայմաններում ընդդիմությունը շատ բաներում կշահի։ Դրանից խուսափելու համար ՀՀ իշխանությունները պետք է լուծարեն խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնեն»,- ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ հավանաբար խորհրդարանի լուծարումը տեղի կունենա արդեն ընթացիկ տարվա ապրիլին, իսկ արտահերթ ընտրությունները կանցկացվեն մայիսին։

«Այդ դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը կղեկավարի ՀԱԿ-ի ցուցակը, և քվեարկության արդյունքների կեղծման մասին հայտարարություններ չեն լինի։ Ներկա իշխանությունները նաև կկարողանան խուսափել նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հետընտրական ցնցումներից»,- եզրափակեց փորձագետը։

ՀՀ հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2012թ.-ին, իսկ նախագահականները՝ 2013թ.-ին։ --0--