Սիրիան առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունում. խոսնակ
Սիրիան առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունում, հինգշաբթի ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է Հայաստանի Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը։
«Երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական բազմաթիվ փաստաթղթերը և բարձր մակարդակի շփումները ամուր հիմք են Երևանի և Դամասկոսի միջև սերտ հարաբերություններ զարգացնելու համար»,- ասաց Աբրահամյանը։
Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ Հայաստանը կարևորում է հայ-սիրիական քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցության ավելի ամրապնդումը և խորացումը:
Աբրահամյանը նշեց, որ հայ-սիրիական բարեկամությունն էլ ավելի ամրապնդվել է երկու երկրների ղեկավարների փոխայցերի շնորհիվ։
Խոսնակն ավելացրեց, որ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է անգնահատելի նշանակություն և հայ ժողովրդի գոյատևումը մեծապես պայմանավորված է այն աջակցությամբ, որի շնորհիվ 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հայերը ապաստան գտան Սիրիայում:
Աբրահամյանը նշեց, որ ինքը գտնվում է մի երկրում, որի օրինապաշտ և ազնիվ քաղաքացիներն են հայերը, ովքեր իրենց նկատմամբ ցուցաբերվող բարյացակամության պայմաններում պահպանելով իրենց լեզուն ու կրոնը՝ լիարժեք ինտեգրված են հասարակության մեջ և իրենց ներդրումն են կատարում բարեկամ Սիրիայի զարգացման գործում:
Ըստ նրա՝ Սիրիայում հայկական մեծ համայնքի առկայությունը քրիստոնյա և մահմեդական քաղաքակրթությունների երկխոսության ու փոխադարձ հարստացման լավագույն դրսևորումներից են:
«Հայաստանն, իր հերթին, զգալի ջանքեր է ներդնում տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման, փոխվստահության և համագործակցության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը։
Նա կարևորեց նաև միջխորհրդարանական կապերի, երկկողմ շփումների և փոխայցերի ակտիվացումը։
Իր հերթին Բաշար Ասադն անգնահատելի համարեց սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների խորացման առումով և նշեց, որ հայ համայնքը իր գործունեությամբ մեծապես նպաստել և նպաստում է Սիրիայի զարգացմանը և հզորացմանը:
Նա բարձր գնահատեց 2010 թվականի մարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիա կատարած այցի դերը ամուր հիմքերի վրա կառուցվող հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների գործում։
Նա անհրաժեշտ համարեց նաև միջխորհրդարանական համագործակցության խորացումը` կարևորելով շփումների և փոխայցերի ակտիվացումը, ինչպես նաև տնտեսական համագործակցությունը: -0-

