Հայաստանն ԱՊՀ այն քիչ երկրներից է, որ մեծ թվով գրքեր է հրատարակում
Հայաստանն ԱՊՀ այն քիչ երկրների թվին է պատկանում, որտեղ հրատարակվում են ոչ միայն հայրենական հեղինակների, այլ նաև ողջ Համագործակցության գրողների և բանաստեղծների ստեղծագործություններ, ինչպես նաև համաշխարհային գրականություն, հայտարարեց Հայաստանի մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը։
«Վերջերս անցկացվեց Թարգմանիչների համաժողովը, որին ներկա էին հեղինակներ, որոնց գրքերը հրատարակվել են հայերեն լեզվով։ Օրինակ, ժամանակակից հիանալի ռուս բանաստեղծ Վյաչեսլավ Կուպրիյանովը։ Նրա գիրքը հրատարակվել է հայերեն»,- ուրբաթ լրագրողներին ասաց Միլիտոնյանը։
Գործակալության ղեկավարը նշեց, որ Հայաստանում լույս է տեսել նաև ռուսական արձակի թարգմանություն, ուկրաինական ժողովրդական հեքիաթներ, ժամանակակից վրացական պոեզիա, մերձբալթյան երկրների գրականություն, ժամանակակից գերմանական և իրանական գրականություններ։
Միաժամանակ Միլիտոնյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանում հրատարակվում է ոչ միայն արտասահմանյան գրականություն հայերեն թարգմանությամբ, այլ նաև հրատարակվում են օտար լեզուներով թարգմանված ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործություններ։
Գործակալության պետի խոսքերով, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում գրահրատարակչությանը հատկացվել է տարեկան 132 մլն դրամ (մոտ 360 հազ. դոլար), որից 40 մլն դրամը տրամադրել են հովանավորները, իսկ մնացած 92 մլն դրամը՝ պետպատվերի շրջանակներում։
Միլիտոնյանն ասաց, որ այս ընթացքում Հայաստանում պետպատվերի շրջանակներում հրատարակվել է ամենատարբեր թեմատիկայի 120-ից 140 անուն գիրք՝ հոբելյանական, հանրագիտարանային, գեղարվեստական, մանկական գրականություն, հայ և արտասահմանյան ժամանակակից բանաստեղծների ու գրողների ստեղծագործություններ։
Նա հատուկ նշեց, որ հրատարակվել է նաև երաժշտական թեմատիկայի մոտ 100 անուն գիրք։
Ինչպես նշեց Միլիտոնյանը, հրատարակված երաժշտական գրականության մեծ մասը նվիրաբերվել է Հայաստանի երաժշտական դպրոցներին։ -0-