ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական գինին շարունակում է անմրցունակ մնալ միջազգային շուկայում, կարծում է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
«Նախևառաջ, պատճառն այն է, որ մենք չունենք լավ մասնագետներ գինեգործության բնագավառում։ Սակայն ցանկության դեպքում այդ հարցը կարելի է լուծել երեք-չորս տարում։ Երկրորդ, մենք չունենք ժամանակակից տեխնիկական զինում։ Հայաստանում եղած սարքավորումներն ավելի քան 30 տարեկան են»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց միության ղեկավարը։
Ըստ նրա, կարևորագույն խնդիրներից մեկը տեսակների խնդիրն է, քանի որ ողջ աշխարհում հարգանքի արժանի որակյալ գինին որոշակի տեսակներից է պատրաստվում։
«Մեր երկրում այդ տեսակների ներդրման համար առնվազն 25 տարի կպահանջվի»,- նշեց Հարությունյանը։
Միության նախագահը նշեց, որ աշխարհում յուրատեսակ մի հեղափոխություն է հասունանում, երբ հարգված կլինեն աբորիգենային, վայրի տեսակների գինիները, և այդ տեսանկյունից Հայաստանը ձեռնտու դիրքեր ունի։
«Այս տարվա առաջին վեց ամսում արձանագրվել է գինիների արտահանման աճ 53 տոկոսով, սակայն այն առաջվա պես չնչին թիվ է կազմում՝ միլիոն շշից մի փոքր ավելի։ Ընդ որում, արտահանման 70 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, մնացած մասը՝ ԱՄՆ-ին և Եվրամիության երկրներին։ Գնորդների 99 տոկոսը սփյուռքահայերն են»,- ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ սփյուռքում բնակվում է գինի օգտագործող մեկ միլիոն ընտանիք, և «նույնիսկ եթե յուրաքանչյուր ընտանիք որոշի տարին մեկ անգամ մեկ շիշ գինի գնել, ապա պահանջարկի բավարարման ռեսուրսներ չեն լինի»։ -0-