Հայաստանի և Հնդկաստանի մշակույթի նախարարությունները մշակութային համագործակցության մասին հուշագիր են ստորագրել

12.11.2010, 14:01
Հայաստանի և Հնդկաստանի մշակույթի նախարարությունները մշակութային համագործակցության մասին հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջև 2011-2012 թթ. մշակութային համագործակցության մասին հուշագիր  է ստորագրվել նախօրեին Դելիում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Փաստաթուղթը ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ ստորագրեցին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը և Հնդկաստանի մշակույթի նախարարության պետքարտուղար Ջավար Սիրկարը:

 

Ըստ մամուլի հաղորդագրության՝ մինչև ստորագրման արարողությունը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Հնդկաստանի արտգործնախարար  Սոմանահալլի Մալլայահ Կրիշնան մանրամասն անդրադարձան կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում Հնդկաստանի մշակութային կենտրոնի հիմնադրման և հայաստանյան ԲՈՒՀ-երից մեկում հնդկական ուսումնասիրությունների ամբիոնի ստեղծման հնարավորությունները:

Այցի շրջանակներում Նալբանդյանը հանդիպեց նաև Միջազգային հարաբերությունների հնդկական Խորհրդի տնօրեն Սուդհիր Դևաերի հետ և քննարկեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Խորհրդի միջև համագործակցության հնարավորությունները:    --0--