Հայաստանի աշխատանքային միգրանտների 80 տոկոսը մեկնում է Ռուսաստան. ՄՄԿ

12.11.2010, 13:06
Հայաստանի աշխատանքային միգրանտների 80 տոկոսը մեկնում է Ռուսաստան. ՄՄԿ
Հայաստանի աշխատանքային միգրանտների 80 տոկոսը մեկնում է Ռուսաստան. ՄՄԿ

Հայաստանից մեկնող աշխատանքային միգրանտների 70-80 տոկոսը մեկնում է Ռուսաստան, նշեց Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԳ) «Միգրանտ աշխատողների պաշտպանության մակարդակի բարձրացումը ՌԴ-ում և միգրացիայի դրական ազդեցության ընդլայնումը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդական Սանդրա Վերմայտենը:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2010թ. ինը ամիսների ընթացքում հանրապետություն է ժամանել 5,7 հազար մարդ, մեկնել՝ 8,2 հազար մարդ:

«ԱՊՀ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից աշխատանքային միգրանտների հիմնական հոսքն ուղևորվում է Ռուսաստան: Հայաստանից միգրացիոն հոսքի մեծ մասը՝ 70-80 տոկոսը, մեկնում է Ռուսաստան»,- ասաց նա ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Ինչպես նշեց Վերմայտենը, Ռուսաստանը ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում երկիր ժամանող միգրանտների թվով: Երրորդ տեղում, ըստ փորձագետի, Գերմանիան է:

ՄՄԳ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ «Միգրանտ աշխատողների պաշտպանության մակարդակի բարձրացումը ՌԴ-ում և միգրացիայի դրական ազդեցության ընդլայնումը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» ծրագրի աշխատանքը Հայաստանում ուղղված է աշխատանքային միգրանտներին ռուսական օրենսդրության մասին իրազեկելուն՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանում վերջին օրենսդրական փոփոխությունները:

«Մեր ակտիվությունը միտված է նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը: Վերջերս ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայությունը և Հայաստանի Միգրացիայի պետական ծառայությունը աշխատանքային խումբ ստեղծեցին աշխատանքային միգրացիայի ոլորտում համաձայնագիր նախապատրաստելու համար:  Հուսով եմ, որ 2011թ.-ին այդ համաձայնագիրը կստորագրվի»,- ասաց նա:

Ինչպես տեղեկացրեց Վերմայտենը, նաև հատուկ բուկլետներ են մշակվում Ռուսաստան մեկնողների համար: Դրանց առաջին խմբաքանակը՝ 1000 օրինակ տպաքանակով, արդեն բաժանված է, և ներկայումս հրատակության է պատրաստվում երկրորդ խմբաքանակը, որը կտպագրվի հայերեն և ռուսերեն:

«Միգրանտ աշխատողների պաշտպանության մակարդակի բարձրացումը ՌԴ-ում և միգրացիայի դրական ազդեցության ընդլայնումը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» ծրագիրն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ: Ծրագիրը կոչված է օգնելու միգրանտների հետ աշխատող սոցիալական պաշտպանության կենտրոնների աշխատակիցներին: --0--