Ընդդիմադիր թերթի խմբագիրը դարձյալ իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ կեղծ հայտարարություն է տարածում

11.11.2010, 15:00
Ընդդիմադիր թերթի խմբագիրը դարձյալ իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ կեղծ հայտարարություն է տարածում
Ընդդիմադիր թերթի խմբագիրը դարձյալ իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ կեղծ հայտարարություն է տարածում

Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, դատապարտյալ Նիկոլ Փաշինյանը դարձյալ իր նկատմամբ իբրև բռնություն գործադրելու վերաբերյալ հերթական ակնհայտ կեղծ հայտարարություն է տարածում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը։  

«Գիշերվա ժամը 2.50-ին Փաշինյանը սկսում է աղմկել և հայտարարել, որ «սպեցնազի» երկու դիմակավորված աշխատակիցներ հարձակվել են իր վրա: Անմիջապես միացվում է կացարանի լուսավորությունը, և նույն կացարանում գտնվող թվով 18 դատապարտյալները բացատրում վերջինիս, որ խցում որևէ դիմակավորված աշխատակից չկա»,- ասաց նա։

Աղմուկի վրա, արդեն 2 րոպե անց, խուց են մտնում ՔԿՀ-ի աշխատակիցները և, հիմք ընդունելով դատապարտյալի հայտարարությունը՝ վերջինիս հրավիրում են հերթապահ մաս` հանգամանքները պարզելու, այդ թվում` բուժզննության համար: «Քննության արդյունքներով որևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվում, իսկ խցում գտնվող դատապարտյալները բացատրություն են տալիս այն մասին, որ որևէ բռնության փորձ չի եղել, իսկ ոմանք կարծիք են հայտնում, որ հավանաբար դա Փաշինյանի գիշերային երազների շարքից է»,- ասվում է հաղորդագրությունում։  

Իսկ մինչ այդ նախապես պայմանավորված ժամին տարբեր պաշտոնատար անձանց գիշերային զանգեր են ուղարկվում` վերը նշված սցենարի հանգամանքները պարզելու և իբր կանխիչ միջոցներ ձեռնարկելու թեմայով: Ավելին, ժամը 4.00-ին դատապարտյալին այցելում է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։  

Արդարադատության նախարարությունն այդ միջադեպը Փաշինյանի նկատմամբ բռնություն կիրառելու վեևաբերյալ պատրանք ստեղծելու հերթական փորձ է համարում։ -0-