ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աղանդավորական կազմակերպությունները մարդկանց հավաքագրման ժամանակ օգտագործում են հատուկ ծառայությունների օպերատիվ գործունեության բոլոր մեթոդները, չորեքշաբթի ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնման և աջակցության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։
«Աղանդավորական կազմակերպությունների հավաքագրման դասագրքերը 90 տոկոսով հիշեցնում են հատուկ ծառայությունների դասագրքերը։ Հավաքագրումից բացի օգտագործվում են նաև ակուստիկ բնույթի հատուկ տեխնիկական միջոցներ»,- ասաց փորձագետը «Աղանդները հետխորհրդային տարածքում՝ վտանգի աստիճանը և հոգևոր անվտանգությունը» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի-Կիև տեսակամուրջի ընթացքում։
Նա նշեց նաև որոշ աղանդավորական կազմակերպությունների մարտավարությունը։ «Նոր հոգեգալստականներն, օրինակ, օգտագործում են պարտիզանական պատերազմի մեթոդիկան...Բոլոր նոր հիսունականները և խարիզմատիկ կազմակերպություններն օգտագործում են «հնգյակների» և «եռյակների» համակարգը, որի դեպքում մի կառույցի փակման դեպքում մյուսները շարունակում են գործել»,- ասաց Ամարյանը։
Փորձագետը հայտնեց նաև, որ նրա ձեռքը վերջերս ընկել է Հայաստանի աղանդներից մեկի ղեկավարին պատկանող «Թաքնված հիպնոզ» գիրքը։ «Այնտեղ հստակ ասվում է, թե ինչպես է կարելի զոմբիացնել և մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց»,- ասաց Ամարյանը։
Ըստ նրա, այսօր Հայաստանի բոլոր գրախանութներում կարելի է աղանդավորական գրականություն գտնել, բայց չկա հակաաղանդավորական գրականություն։ -0-