ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տոտալիտար կրոնական կազմակերպությունների ղեկավարները դավադրության մեջ են մտնում կուսակցությունների ղեկավարների հետ՝ ընտրությունների ժամանակ սեփական ձայները վաճառելու նպատակով, ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը «Աղանդները հետխորհրդային տարածքում. վտանգի աստիճանը և հոգևոր անվտանգությունը» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի-Կիև տեսակամուրջի ընթացքում։
Նրա խոսքով, նման երևույթը հատուկ է ոչ միայն Հայաստանին, այլ ողջ հետխորհրդային տարածաշրջանին:
«Ցավոք, հավատքը քաղաքական գործիչների գործիքն է դարձել, որն օգտագործում են իրենց քաղաքական նպատակների համար»,- ասաց փորձագետը:
Քաղաքական գործընթացներին աղանդավորների մասնակցության մասին խոսելիս՝ կենտրոնի ղեկավարը հիշեցրեց Երևանում 2008թ.-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերը, երբ անկարգությունների արդյունքում 10 մարդ մահացավ:
«Մարտի 1-ին նախորդող ժամանակահատվածում հրապարակում մեծ թվով աղանդավորներ կային, աղանդավորները շատ էին նաև Ուկրաինայի և Վրաստանի և, հնարավոր է, ուրիշ պետությունների հրապարակներում»,- ասաց Ամարյանը:-0-