ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ավելի քան 100 հազար բնակիչներ այս կամ այն քայքայիչ աղանդների անդամներ են, ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը «Աղանդները հետխորհրդային տարածքում. վտանգի աստիճանը և հոգևոր անվտանգությունը» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի-Կիև տեսակամուրջի ընթացքում։
«Այսօր Հայաստանի համար սա մեծ թիվ է»,- ասաց Ամարյանը՝ ավելացնելով, որ քայքայիչ աղանդները մեծ վտանգ են ներկայացնում։
Նա նշեց, որ աղանդների ներկայացուցիչներն իրենց գործունեության մեջ օգտագործում են մեթոդներ, որոնք ժամանակին բնորոշ էին հատուկ ծառայություններին։
«Դրանք հավաքագրման և մանիպուլյացիայի մեթոդներն են՝ սկսած ներշնչումից մինչև տեխնիկական միջոցներ»,- նշեց Ամարյանը։
Նա քայքայիչ աղանդների գործունեությունը մեծ խնդիր համարեց, մասնավորապես այն պատճառով, որ դրանք Արևմուտքից են եկել։
«Սա Հայաստանի համար մեծ հարված է։ Վեց դարերի ընթացքում հայերը մահմեդական լծի տակ են եղել, բայց չեն դավաճանել իրենց հավատքին, իսկ 20 տարիների ընթացքում այդ հավատքը, չգիտես ինչու, մեծ ճեղք է տվել։ Որն է պատճառը, մենք ինքներս պետք է պարզաբանենք, և այստեղ կարևոր է այն բոլոր պետությունների փորձը, որոնք Հայաստանի պես տառապում են աղանդներից»,- ասաց փորձագետը։
Ընդհանուր առմամբ, Ամարյանի խոսքերով, սկսած 90-ականներից և մինչ օրս Հայաստանում հաշվվում է Հայ Առաքելական Եկեղեցուց տարբերվող կառույցների գրեթե 350 հազար ներկայացուցիչ։ -0-