Ադրբեջանական գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացու սպանության գործը պետք է փոխանցվի միջազգային ատյաններին. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի սպանության գործը պետք է փոխանցվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի խոշտանգման դեմ կոմիտե (Committee against torture – CAT), կարծում է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը:
«Իմ նախաձեռնությամբ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները մեկ ամիս առաջ նամակ են հղել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին և ԵԽ-ին, սակայն մինչ օրս մենք պատասխան չենք ստացել: Ես դա կապում եմ այն բանի հետ, որ այդ կառույցներում նման նախադեպ չի եղել և չկա համապատասխան ընթացակարգ: Բացի այդ, պատասխանի ուշացումը կարող է կապված լինել բյուրոկրատական քաշքշուկների հետ», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը:
Նրա խոսքերով՝ հայ խորհրդարանականների այս քայլը զուտ քաղաքական գործողություն էր, և դրա վրա չի կարելի կանգ առնել:
«Այս փուլում մեր իրավապահ մարմինները պետք է սկսեն աշխատել համապատասխան միջազգային կառույցների՝ ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի հետ՝ բողոքարկելով, որ ադրբեջանական կողմը խախտել է Ժնևյան կոնվենցիայի տասնյակ դրույթներ», - նշեց Ալավերդյանը:
Հայաստանի առաջին օմբուդսմենը նշեց նաև, որ մասնավոր կարգով Եվրոպական դատարան կարող է դիմել նաև Սարիբեկյանի ընտանիքը:
«Սարիբեկյանի գործով արդար դատի ապահովման հետևողականությունը կարևոր նշանակություն ունի պատժելիության սկզբունքի իրականացման և նման միջադեպերի կրկնությունը կանխելու տեսակետից», - ընդգծեց պատգամավորը:
Գերեվարված Մ.Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը Հայաստանում շարունակվում է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում:
Հայկական կողմը նոյեմբերի 4-ին ստացել էր 20-ամյա հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մարմինը՝ Ադրբեջանին փոխանցված այդ երկրի քաղաքացի Հելդար Տագիևի մարմնի դիմաց, ով անօրինական կերպով հատել էր հայկական սահմանը նախորդ տարվա դեկտեմբերին։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, գերեվարված Սարիբեկյանն իբր կախվել է հոկտեմբերի 5-ին։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որում փորձել են ներկայացնել ադրբեջանական կողմից ձերբակալված հայ հովվին որպես «դիվերսիոն խմբի անդամ»։
Արդեն նոյեմբերի 5-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դիակի դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դիակի վրա առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Մ.Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի։ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորյալ սպանություն՝ առանձին դաժանությամբ): Նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը (ծնված՝ 27.02.1990թ). գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին: Նախնական տվյալներով՝ 20-ամյա երիտասարդը մի քանի խոշոր եղջերավոր անասունների տարել էր արոտավայր: Ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում, մառախուղի հետևանքով կորցնելով կողմնորոշումը նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա և գերեվարվել ադրբեջանցիների կողմից: -0-