ՀՀ գլխավոր դատախազությունում կրկին հերքում են Հայաստան ՀԴԲ-ի գործակալների ժամանման մասին տեղեկատվությունը

10.11.2010, 10:21
ՀՀ գլխավոր դատախազությունում կրկին հերքում են Հայաստան ՀԴԲ-ի գործակալների ժամանման մասին տեղեկատվությունը
ՀՀ գլխավոր դատախազությունում կրկին հերքում են Հայաստան ՀԴԲ-ի գործակալների ժամանման մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իրականությանը չեն համապատասխանում մամուլի այն հրապարակումները, թե  ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի 8 աշխատակից է ժամանել Հայաստան ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային և բժշկական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործի կապակցությամբ, նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Այդ գործով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի որևէ գործակալ Հայաստան չի ժամանել», - նշվում է փաստաթղթում:

Հոկտեմբերի 13-ին Նյու Յորքում և Լոս-Անջելեսում ձերբակալվել է հանցավոր խմբի շուրջ 40 անդամ, որոնց պարագլուխը Հայաստանի արտագաղթյալներ կամ ՀՀ քաղաքացիներ են: Ձերբակալված անձանց կասկածում են ԱՄՆ 25 նահանգներում գոյություն չունեցող 118 բուժհաստատությունների ստեղծման միջոցով շուրջ 162 միլիոն դոլար գողանալու մեջ, ինչն այս բնագավառի պատմության մեջ խոշորագույն մեքենայությունն է: Քննության տվյալների համաձայն՝ հայկական հանցավոր խմբի պարագլուխը «օրենքով գող» Արմեն Ղազարյանն էր, ով ավելի հայտնի է «Պզո» մականունով, նա ձերբակալվել է Երևանում 2009 թ.-ի ապրիլի 7-ին:

Գլխավոր դատախազությունից ընդգծել են, որ հայկական մամուլում տպագրված այդօրինակ լուրերի անհեթեթության մասին փաստել էր ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի իրավական հարցերով կցորդ Քեվին Դոնովանը՝  ՀՀ գլխավոր դատախազի հետ դեռևս հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ  ՀԴԲ-ի որևէ աշխատակից Հայաստան չի ժամանել:

«Ինչ վերաբերում է Դոնովանին, ապա հարկ ենք համարում պարզաբանել, որ նա  տարածաշրջանում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչն է և նրա հիմնական նստավայրը Թբիլիսին է», - նշվում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Մամուլի ծառայությունից հիշեցրել են, որ հանդիպման ընթացքում Դոնովանը  շնորհակալություն է հայտնել ցուցաբերված համագործակցության պատրաստակամության համար և նշել, որ քրեական գործով անհրաժեշտություն առաջանալու դեպքում ԱՄՆ-ն կդիմի իրավական փոխօգնության խնդրանքով: 

«Առ այս պահը Հայաստանի իրավապահ մարմինները չեն ստացել իրավական փոխօգնության խնդրանք, հետևապես մամուլի այն հրապարակումները, թե ՀԴԲ-ի աշխատակիցներ են Հայաստան ժամանել և սկսել իրականացնել ինչ-ինչ ստուգումները՝ ընդամենը հերյուրանքներ են, երևակայության արգասիք», - նշվում է փաստաթղթում:

Գլխավոր դատախազությունից ընդգծեցին, որ որևէ երկրի իրավապահ մարմնի աշխատակից չի կարող որևէ այլ երկրի տարածքում իրականացնել որևէ քննչական գործողություն՝ առանց տվյալ երկրի իրավապահ մարմինների նախնական համաձայնությունը ստանալու:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահները նախկինում ևս համագործակցել են կոնկրետ քրեական գործերով միմյանց ցուցաբերելով իրակավան օգնություն:

«Դիտարկվող քրեական գործը բացառություն չէ: Կլինի իրավական փոխօգնության հարցում՝ դատախազությունն իր լիազորությունների շրջանակներում կաջակցի: Առ այս պահը նման խնդրանք չի ստացվել», - նշվում է հայտարարության մեջ:-0-