ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 7,25 տոկոսի սահմանում

09.11.2010, 18:31
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 7,25 տոկոսի սահմանում
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 7,25 տոկոսի սահմանում

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7,25 տոկոսի սահմանում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ հոկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն ավելացել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 9.1%:

ԿԲ-ից նշում են, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել առաջարկի շոկերով, մասնավորապես` հացամթերքի, մրգի և բանջարեղենի գների աճով, որոնց ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4.4 տոկոսային կետ: 

ՀՀ ԿԲ-ի խորհուրդը, հիմք ընդունելով հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում վերջին երկու ամիսներին դրսևորված գների միտումները, միակարծիք է ՀՀ տնտեսությունում գնաճային ռիսկերի դրսևորման հավանականության աճի վերաբերյալ:

Մյուս կողմից ՀՀ տնտեսության ներքին զարգացումներով պայմանավորված համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի ստեղծում:   

Խորհուրդը գնահատում է, որ տնտեսության զարգացումների նկարագրված հեռանկարում կշարունակվի արտաքին հատվածի գերակա ազդեցությունը գնաճային միջավայրի ձևավորման առումով:

«Այդուհանդերձ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը բավարար է կանխատեսվող հորիզոնում առաջարկի շոկերով պայմանավորված գնաճի` երկրորդային ազդեցությունների և սպասումների չեզոքացման համար», - նշվում է տեղեկատվության մեջ:

Այս համատեքստում, խորհուրդը գտնում է, որ առաջարկի շոկերի մարմանը զուգընթաց 2011 թ. երկրորդ կեսից սկսած 12-ամսյա գնաճը կձևավորվի նպատակային միջակայքի սահմաններում:

Միաժամանակ, կախված նշված ռիսկերի դրսևորման չափից, չի բացառվում քաղաքականության տոկոսադրույքի ճշգրտման անհրաժեշտությունը:

2010 թ.-ի ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է հինգ անգամ՝ 5,0 տոկոսից հասնելով 7,25 տոկոսի (հունվարի 21-ին, փետրվարի 16-ին, մարտի 9-ին  և ապրիլի 13-ին, ամեն անգամ ավելանալով 0,5 տոկոսային կետով, իսկ մայիսի 11-ին՝ 0,25 տոկոսով):-0-