ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական պաշտոնյաները կկարողանան որակավորման բարձրացման դասընթացներ անցնել «Ամբողջականությունը պետական ծառայության համակարգում» նոր ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանում։
Համագործակցության համապատասխան հուշագիր է ստորագրվել երեքշաբթի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Պետական ծառայության խորհրդի (ՊԾԽ), «Հայ պետական ծառայողների» հասարակական կազմակերպության և ԵՊՀ-ի միջև։
«Տվյալ ծրագրի նպատակը պետական պաշտոնյաների կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակի բարելավումն է»,- ասաց Հայ պետծառայողների միության ղեկավար Վաչե Քալաշյանը։
Նրա խոսքերով, վերապատրաստման տվյալ մոդելի նորույթը կայանում է պետական ծառակողների էթիկական նորմերի հետ կապված մոտեցումների ներկայացման, ինչպես նաև միջազգային հարաբերությունների ոլորտում հմտությունների ուսուցման և հակակոռուպցիոն ընկալումների և մոտեցումների իրագործման մեջ։
ՊԾԽ ղեկավար Մանվել Բադալյանն իր հերթին ասաց, որ առաջիկայում այս ծրագրով վերապատրաստում կարող են անցնել առաջին հերթին այն գերատեսչությունների պետծառայողները, ովքեր անմիջականորեն զբաղված են ծառայությունների ոլորտում։
«Քանի որ տվյալ ծրագիրը ստեղծվել է չորս կազմակերպությունների փոխգործակցության շնորհիվ, ապա այն կկարողանա բարձր որակավորում ունեցող մասնագետներ տրամադրել և, համապատասխանաբար, ավելի արդյունավետ ուսուցում ապահովել»,- ավելացրեց Բադալյանը։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործող ղեկավար Կարել Հոֆթրան իր հերթին ընդգծեց, որ տրամադրվող ուսուցումն օգտակար է ցանկացած երկրի ժողովրդավարության զարգացման համար և թույլ կտա լուծել Հայաստանի մի շարք խնդիրներ։ -0-