Հայաստանի իշխող կոալիցիայում ընդգրկված բոլոր ուժերը 2012 թվականին կանցնեն խորհրդարան. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխող կոալիցիայում ընդգրկված բոլոր ուժերը 2012 թվականի ընտրություններով կանցնեն խորհրդարան, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։
Իշխող կոալիցիայի կազմում են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները։
«Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։ Սակայն կարծում եմ, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ներկայիս բոլոր կոալիցիոն ուժերը ներկայացված կլինեն խորհրդարանում, քանի որ նրանք առանձին-առանձին բոլորն էլ նման ներուժ ունեն»,- ասաց պատգամավորը։
Ըստ նրա՝ ընդդիմադիրների պնդումները կոալիցիայի ներսում առկա պառակտման մասին չեն համապատասխանում իրականությանը։
«Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա իմ կարծիքով՝ Հայ ազգային կոնգրեսի դիրքերը շատ թույլ են»,- ասաց Ալեքսանյանը։
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ -0-