Վրացի քննիչները բացահայտել են ՀՀ երկու քաղաքացիների կողմից հարստացված ուրան՝ Թբիլիսի ապօրինի կերպով մտցնելու փորձերի նոր հանգամանքները, հաղորդում է «Ամերիկայի ձայն» լրատվական ծառայությունը:
Իշխանությունների տեղեկատվությամբ՝ «ապրիլին մաքսանենգներին հաջողվել է Երևանից Թբիլիսի ուղևորվող գնացք մտցնել 18 գրամ հարստացված ուրան, որի որակը բավականին բարձր է եղել միջուկային ռումբում օգտագործելու համար»:
Տեղեկատվության համաձայն, միջուկային նյութը թաքցված է եղել արճիճե տակդիրով ծխախոտի տուփի մեջ՝ սահմանի վրա դետեկտորի կողմից չբացահայտվելու համար:
Պաշտոնատար անձինք տեղեկացնում են, որ ուրանը հարստացված է եղել գրեթե մինչև 90 տոկոս, սակայն նրա ծավալը բավարար չի եղել միջուկային սարք ստեղծելու համար:
«Վրաստանում երկու տղամարդ է ձերբակալվել իրավավապահ մարմինների՝ քաղաքացիական հագուստով աշխատակցին ուրան վաճառելու փորձից հետո: Իշխանությունները տեղեկացրել են, որ կասկածյալները փակ դատավարության ժամանակ ընդունել են իրենց մեղքը», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-