Oգոստոսից Երևանի Հակակոռուպցիոն կենտրոն ավելի քան 500 բողոք է ստացվել

05.11.2010, 14:03
Oգոստոսից Երևանի Հակակոռուպցիոն կենտրոն ավելի քան 500 բողոք է ստացվել
Oգոստոսից Երևանի Հակակոռուպցիոն կենտրոն ավելի քան 500 բողոք է ստացվել

Ընթացիկ տարվա օգոստոսից Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության նոր կենտրոնը (ՇՊԱԿ) ավելի քան 500 բողոք է ստացել, ուրբաթ կենտրոնի բացման պաշտոնական արարողության ժամանակ ասաց կենտրոնի տնօրեն, ավագ իրավաբան Մարատ Ատովմյանը:

Կենտրոնը գործում է այս տարվա օգոստոսից՝ ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (USAID) ֆինանսական աջակցությամբ: Կենտրոնի աշխատակիցներն անվճար իրավաբանական աջակցություն են տրամադրում կոռուպցիոն դրսևորումներից տուժած անձանց: Կենտրոնում գործում է նաև անվճար թեժ գիծ` 08000 11 10 հեռախոսահամարով:

«Գրասենյակի բացումից հետո անցած երեք ամսվա ընթացքում մեզ է դիմել ավելի քան 500 քաղաքացի տարբեր հարցերով: Իհարկե, դրանցից ոչ բոլորն են վերաբերում կոռուպցիային», - լրագրողներին ասաց Ատովմյանը:

Նա ավելացրեց, որ բացի Երևանից, կենտրոնի գրասենյակները գործում են Հայաստանի յոթ մարզերում (Արագածոտն, Արարատ, Կոտայք, Լոռի, Շիրակ, Տավուշ և Վայոց Ձոր), ուր մեկ ամսվա ընթացքում միջինը 60-70 մարդ է դիմում:

Ատովմյանի խոսքերով՝ քաղաքացիներն ամենից հաճախ բողոքում են Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի շրջանային ստորաբաժանումների, քաղաքապետարանի, իրավապահ մարմինների, նոտարական գրասենյակների և դատարանների աշխատանքից:

USAID-ի երևանյան գրասենյակի ղեկավար, դոկտոր Ջաթինդեր Չիման իր հերթին ընդգծեց նման հակակոռուպցիոն կենտրոնների գործունեության կարևորությունը:

«Բարձրացնելով Հայաստանի քաղաքացիների իրազեկությունն իրենց իրավունքների մասին և տարածելով հաջողված գործերի մասին տեղեկատվությունը` կենտրոններն ամրապնդում են քաղաքացիների դիրքը և դրդում պետական պաշտոնյաներին ու գործարար ղեկավարներին իրականացնելու մի շարք կարևորագույն բարեփոխումներ` ուղղված կառավարման բարելավմանը և կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը»,  - ասաց նա արարողության ժամանակ:

2008թ. դեկտեմբերին առաջին կենտրոնների բացումից ի վեր ՇՊԱԿ-ների ցանցն ստացել է հանրային ծառայությունների տարբեր ոլորտներին առնչվող ավելի քան 7000 բողոք:

2009 թ.-ին ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի պաշտոնական որոշման համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է պարտադիր կերպով համագործակցել կենտրոնի հետ:-0-