Բաքվի կողմից ՀՀ քաղաքացու մարմնի հանձնումը գերի ընկած հայրենակցի փոխարեն սոսկ սիմվոլիկ էր. փորձագետ

05.11.2010, 13:43
Բաքվի կողմից ՀՀ քաղաքացու մարմնի հանձնումը գերի ընկած հայրենակցի փոխարեն սոսկ սիմվոլիկ էր. փորձագետ
Բաքվի կողմից ՀՀ քաղաքացու մարմնի հանձնումը գերի ընկած հայրենակցի փոխարեն սոսկ սիմվոլիկ էր. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի կողմից գերության մեջ զոհված ՀՀ քաղաքացու մարմնի հանձնումը գերի ընկած հայրենակցի փոխարեն սոսկ սիմվոլիկ էր, կարծում է քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:

Երևանը հինգշաբթի Բաքվին է հանձնել նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հայկական սահմանն անօրինական հատած Ադրբեջանի քաղաքացի Հելդար Տագիևին՝ փոխարենը ստանալով ադրբեջանական գերության մեջ կասկածելի հանգամանքներում զոհված հովիվ Մանվել Սարիբեկյանի մարմինը:

«Գերու փոխանցումը տեղի է ունեցել աստրախանյան պայմանավորվածության շրջանակներում, և այս ամենի մեջ որոշակի սիմվոլիկա կա: Մենք նրանց կենդանի մարդ տվեցինք, իսկ նրանք մեզ՝ դագաղով մարմին», - ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Մանասյանը:

Նա ավելացրեց, որ այս նախադեպը կարող է սովորական պրակտիկայի վերածվել, երբ ողջ և առողջ մարդու փոխարեն «մեզ կուղարկեն մեր քաղաքացիների դագաղները»:

Փորձագետը նաև նշեց, որ չկա ոչ մի երաշխիք, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակական կլինի:

«Գործընթացը պետք է շարունակական լինի, ամեն դեպքում, դրա մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Աստրախանում, չէ՞ որ երեք նախագահներ չէին հավաքվել մի գերու հարցով: Սակայն համոզմունք չկա, որ Ադրբեջանը չի խախտի պայմանավորվածությունը, նա անհուսալի գործընկեր է», - ասաց նա:

Փորձագետը նաև ավելացրեց, որ հանձնումը պետք է տեղի ունենա գերու ցանկությամբ, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պետք է դա հաշվի առնի:

Փոխանցումը տեղի է ունեցել ի կատարումն 2010 թ.-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված համաձայնագրի՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ:-0-