Լեհաստանը կարող է աջակցել Հայաստանին ՆԱՏՕ-ի ԽՎ-ում անընդունելի ձևակերպումներով ադրբեջանական բանաձևի նախագծի ընդունումը թույլ չտալու հարցում

05.11.2010, 10:41
Լեհաստանը կարող է աջակցել Հայաստանին ՆԱՏՕ-ի ԽՎ-ում անընդունելի ձևակերպումներով ադրբեջանական բանաձևի նախագծի ընդունումը թույլ չտալու հարցում

Լեհական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմին, որպեսզի Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական բանաձևի նախագիծն անընդունելի ձևակերպումներով չընդունվի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

Նման բանաձևի անընդունելիության մասին հինգշաբթի հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Լեհաստանի արտաքին գործերի պետքարտուղար Յացեկ Նայդերի հետ հանդիպման ընթացքում:

«Բանակցային գործընթացի զարգացումների` նման բուռն ժամանակաշրջանում անընդունելի է կրքերի ավելորդ թեժացումը: ԼՂ հիմնախնդիրը կարգավորվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, և տարբեր կառույցներում նման բանաձևերի ի հայտ գալը կարող է վնասել բանակցային գործընթացին», - ասել է Բաղդասարյանը:

«Լեհական կողմն ընմբռնումով է ընդունել ՀՀ ԱԱԽ քարտուղարի հարցադրումները և պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմին, որպեսզի բանաձևի նախագիծն անընդունելի ձևակերպումներով չընդունվի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-