Հայաստանն ադրբեջանական կողմին է հանձնելու 2010թ.-ին ՀՀ սահմանն ապօրինի հատած և այժմ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն, տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ի կատարումն 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Իուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության, ս.թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:00-ին հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան սահմանում` Իջևան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու 2010թ. ՀՀ սահմանն ապօրինի հատած և այժմ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ելնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից` մինչև ադրբեջանական կողմին հանձնելը ԱՀ քաղաքացու անուն ազգանունը չի հրապարակվում:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները Աստրախանի հանդիպումից հետո հոկտեմբերի 27-ին հռչակագիր են ստորագրել, որը նախատեսում է ռազմագերիների փոխանակում և մարդասիրական բնույթ է կրում: Հռչակագիրը միտված է վստահության ամրապնդմանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-