Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար, այժմ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը երեքշաբթի պարգևատրվել է ««Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի զարգացման գործում ներդրում կատարելու համար» առաջին աստիճանի պատվո նշանով:
«ՌԵ նախագահ Վլադիմիր Յակունինի հրամանով` Անդրանիկ Մանուկյանն արժանացել է ՌԵ առաջին աստիճանի պատվո նշանի: Սա բավականին լուրջ պարգև է և Մանուկյանի աշխատանքի համապատասխան գնահատականը», - նշանը Մանուկյանին հանձնելիս հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «ՌԵ» ԲԲԸ-ի նախագահի խորհրդական Շևքեթ Շայդուլլինը:
Մանուկյանն արժանացել է պատվո նշանի Համագործակցության մասնակից-պետությունների երկաթուղային համակարգի զարգացման և կայուն աշխատանքի ապահովման գործում մեծ ներդրում կատարելու, մի շարք արտադրական և սոցիալական հարցերի հաջող լուծման, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի երկաթուղայինների միջև գործնական և բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար:
Նախկին նախարարն իր հերթին շնորհակալություն հայտնեց նման բարձր պարգևի համար: «Ես ութ տարի գլխավորել եմ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը և շատ ուրախ եմ, որ հենց իմ պաշտոնավարման ժամանակ է որոշում ընդունվել փոխանցել Հայկական երկաթուղին ՌԵ կոնցեսիոն կառավարմանը», - ընդգծեց Մանուկյանը:
Նրա խոսքերով՝ այս տարիների ընթացքում մեծ առաջընթաց է արձանագրվել: «Հուսով եմ, որ Հայաստանը, վերջիվերջո, կունենա զարգացած երկաթուղային ցանց», - ասաց նա:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ-ին` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով:-0-