Թուրքիան բացառել է Հայաստանը պոտենցիալ վտանգավոր երկրների թվից ԱՄՆ-ի ճնշման ներքո, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը։
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը նախորդ շաբաթ հավանություն է տվել ազգային անվտանգության նոր ռազմավարությանը, այսպես կոչված «Կարմիր գրքին», որը քաղաքական փաստաթուղթ է Թուրքիայի ազգային անվտանգության ոլորտում: Ռազմավարության նոր տարբերակում Հայաստանը և մի շարք այլ երկրներ բացառվում են Թուրքիայի համար արտաքին սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակում:
«Եթե երկիրն իր ռազմական դոկտրինայով որևէ պետություն թշնամի է համարում և փորձում է համագործակցել նրա հետ, ապա հակասություն է առաջանում։ Այդ պատճառով ԱՄՆ-ն խորհուրդ է տվել Թուրքիային որպես իր գործընկերոջ գնալ այդ քայլին, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ընդհանուր ֆոնի ստեղծման համար»,- նշեց Ջամալյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։
Սակայն, ինչպես կարծում է փորձագետը, նման որոշումը պետք է ոչ միայն թղթի վրա մնա, այլ նաև դրսևորվի կոնկրետ գործողություններում։ Զինվորական հոգեբանի կարծիքով, այս որոշումն ընդունվել է բացառապես դիվանագիտական նպատակներով, քանի որ եթե Հայաստանն այլևս վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար, ապա հարց է ծագում՝ ինչու՞ է շարունակում ակտիվորեն գործել Արարատի ստորոտում թուրքական բանակի բանակային երրորդ բազան։
«Թուրքիան մշտապես հիշեցնում է Հայաստանին իր ռազմական ներկայության մասին և ստիպում է զգոնություն պահպանել։ Սակայն եթե Անկարայում այդպիսի տրամագծային փոփոխություններ են տեղի ունենում, ապա դրանք պետք է դրսևորվեն նաև գործնական քայլերում, օրինակ, բազայի տեղակայման փոփոխումը որոշակի հեռավորության վրա»,- ասաց Ջամալյանը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: --0-