ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը գրեթե անհնար է, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Այն կողմը, որը պատերազմ կսկսի, շատ լուրջ կորուստներ կկրի՝ և մարդկային, և քաղաքական, և տնտեսական: Եկեք տնտեսական վերլուծություն չանենք, սակայն պատերազմն առաջին հերթին ձեռնտու չէ Ադրբեջանին: Բացի քաղաքական հարվածներից, որոնք կտեղան այդ երկրի վրա, կառաջանան նաև տնտեսական խնդիրներ», - հինգշաբթի լրագրողներին ասաց Շարմազանովը:
Միաժամանակ ինչպես նշեց քաղաքական գործիչը, դա ամենևին էլ չի նշանակում, որ Հայաստանը պետք է նստի ձեռքերը ծալած՝ ունենալով անվստահելի և անկանխատեսելի հարևաններ՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի: «Հակառակը, Հայաստանը պետք է ակտիվ դիվանագիտական քայլեր ձեռնարկի և ամրապնդի սեփական անվտանգությունը», - ասաց պատգամավորն՝ ավելացնելով, որ քանի դեռ հարևան պետությունը չի գիտակցել, որ 21-րդ դարում բոլոր հարցերը կարգավորվում եմ խաղաղ ճանապարհով, պատերազմի վերսկսման վտանգը մնում է:
Այս կապակցությամբ Շարմազանովը կարևորեց ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշման խստացումը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-