ՀՀ նախագահն EXPO-RUSSIA ARMENIA արդյունաբերական ցուցահանդես է այցելել

28.10.2010, 14:39
ՀՀ նախագահն  EXPO-RUSSIA ARMENIA արդյունաբերական ցուցահանդես է այցելել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Երևանում մասնակցել է EXPO-RUSSIA ARMENIA ռուսական երրորդ ամենամյա ցուցահանդեսի բացմանը:

Հոկտեմբերի 28-30-ն անցկացվող ցուցահանդեսի նպատակը ռուսական և հայկական տեխնոլոգիական նոր մշակումները ներկայացնելն է:

Սարգսյանը դիտել է «2010 թվականը՝ գիտության և նորարարությունների տարի ԱՊՀ-ում» ցուցահանդեսի տաղավարները: 

Պետության ղեկավարը ծանոթացել է էներգետիկայի ոլորտի նոր, այդ թվում՝ ատոմային, ինչպես նաև մեքենաշինության, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության, ավիացիայի, քիմիական արդյունաբերության և այլ ճյուղերի տեխնոլոգիաների հետ:

Ցուցահանդեսին մասնակցում է հայկական գործընկերների հետ համագործակցությամբ հետաքրքրված ավելի քան 70 ռուսական ընկերություն: Ցուցադրության շրջանակներում ներկայացվել է թեմատիկ 12 բաժին, ինչպես նաև նախատեսված է հագեցած գործարար ծրագիր, մասնավորապես, «Ռուսաստան-Հայաստան 2010՝ միջտարածաշրջանային տնտեսական համագործակցության հեռանկարների» ներկայացումը: -0-